Գերմանիայում բնակվող հայերը Գերմանիայի կառավարության վրա որեւէ ճնշում գործադրելու բավական հնարավորություններ եւ իրավունքներ չունեն:
Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է Բեռլինի Ազատ համալսարանի պրոֆեսոր, Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնաժողովի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Ժիրայր Քոչարյանը:
Ի պատասխան հարցին, թե հարաբերությունների կարգավորման գործում ինչ ազդեցություն են ունեցել հայ-թուրքական արձանագրությունները, պրոֆեսորը նշել է, որ այդ գործընթացը ոչ մի դրական արդյունք չի տվել, քանի որ փաստաթղթերի ստորագրումից հետո աշխարհում ոչ մի երկիր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այլ կերպ ասած՝ ո՛չ հաշտությունը, ո՛չ ֆուտբոլային դիվանագիտությունը չեն օգնել գործընթացին:
«Գերմանիայում կազմակերպվել է հայ-թուրքական 4 երկխոսություն, որոնց համար գերմանական կողմը մեծ գումարներ էր հատկացրել: Ակնհայտ է, որ այդ միջոցառումները ոչ մի էական արդյունք չեն տալիս», - ընդգծել է Քոչարյանը: Ըստ նրա՝ հայկական կողմը դեմ է նման երկխոսություններին եւ քննարկումներին, քանի որ Ցեղասպանությունը քննարկումների կարիք չունի՝ փաստ է:




























