Թբիլիսիի փոխքաղաքապետ, ՆԳ նախկին փոխնախարար Շոթա Խիզանիշվիլին եւ Վրաստանի ՆԳՆ օպերատիվ-տեխնիկական բաժնի պետի տեղակալ Բեքա Կվարացխելիան մեղադրվում են «Վրացական երազանքի» ներկայացուցիչների խոսակցությունները գաղտնի ձայնագրելու մեջ: Այդ մասին նոյեմբերի 16-ի արտակարգ ճեպազրույցի ընթացում հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին:
Նա նշել է, որ 2012թ. սեպտեմբերի 26-ին ՆԳՆ-ի օպերատիվ-տեխնիկական բաժնի պետի տեղակալ Բեքա Կվարացխելիի հետ կապվել է Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Շոթա Խիզանիշվիլին եւ կարգադրել գաղտնի նյութեր հավաքել «Վրացական երազանք» կոալիցիայի մասին, որոնց հրապարակումը կոալիցիայի նկատմամբ անվստահություն կառաջացնի: Սեպտեմբերի 27-ին Խիզանիշվիլին կապվել է Կվարացխելիայի հետ եւ հանձնարարել նրան Youtube-ում Բիձինա Իվանիշվիլիի թիկնապահ Բեսո Սուրմավայի անունից ներբեռնել իր ընտրած ձայնագրությունները հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Սուրմավային շանտաժի ենթարկելու համար սահմանադրական անվտանգության բաժնի աշխատակիցները ապօրինաբար նրա անձնական կյանքի տեսագրության հատված են ձեռք բերել: Դրանից հետո Բեսո Սուրմավան համաձայնել է, որպեսզի անօրինական ստացված նյութերը հրապարակվեն իր անունից: Ըստ Քբիլաշվիլիի՝ սեպտեմբերի 27-ին Սուրմավային ստիպել են գալ ՆԳՆ-ի շենք: Այստեղ նրան վճարել են 150 հազար եվրո, որի համար օգտագործվել է ՆԳՆ-ում որպես հանցանշան գտնվող գումարը:
Քբիլաշվիլին նաեւ պատմել է, որ Վրաստանի նախկին կառավարության օրոք ֆինանսների նախարարության եկամուտների ձեւակերպման ծառայության բաժնի ղեկավարությունը պարտավոր էր ՆԳՆ-ի սահմանադրական անվտանգության բաժնին հայտնել բոլոր բեռների մասին, որոնք ուղարկվում էին Cartu Group ընկերության համար, որը նույնացվում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի անվան հետ: Սահմանադրական անվտանգության բաժնի աշխատակիցներն անձամբ կանգնեցրել են բեռները եւ միտումնավոր շարքից հանել տեխնիկան, որպեսզի դա օգտագործան պիտանի չլինի:
Դատախազը նաեւ հայտնել է, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի գործում նոր դրվագ է ի հայտ եկել, եւ դրա մանրամասները կներկայացվեն օրվա ընթացքում:



























