Հարկային համակարգը մնացել է հնադարյան մակարդակի վրա, միտված է ամեն գնով դրամահավաքի գործին: Այդ մասին այսօր` նոյեմբերի 16-ին ՀՀ տնտեսագիտական համալսարանում հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-ռուսասկան (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը` ելույթ ունենալով «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանում: Քննարկումներին ներկա էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Արդեն 15-րդ տարին է` չենք կարողանում հրաժարվել մաքսատներում բիզնեսը ավելացված արժեքի հարկով հարկելուց: Այս իր բնույթվ բարբարոսական մեթոդն ընդունվել է կիրառման այն ժամանակ, երբ աշխատավարձի գծով բյուջետային պարտքերը գերազանցում էին 9 ամիսը եւ ձեր խոնարհ ծառան դրա հեղինակն է: Պարոն վարչապետ` առաջարկում եմ, որպեսզի դուք լինեք այն վարչապետը, որն այնուամենայնիվ կտեղափոխի ավելացված արժեքի հարկի հարկումը դեպի ռեալ տնտեսություն, դրանով իսկ մեծագույն նպաստ կբերի բիզնեսի զարգացմանը»,- ասաց Ա. Դարբինյանը: 

Նախկին վարչապետը նաեւ նշեց, որ Հայաստանին հարկավոր է առավելագույնս պարզեցված հարկային համակարգ: Մասնավորապես` հարկավոր է կիրառել ներդրումային ռեսուրսների նկատմամբ առաջին տարում ամորտիզացիայի 100 % դրույքաչափ, կամ` շահութահարկ գանձել միայն ներդրված միջոցների վերադարձն ապահովելուց հետո: «Կամ մի՞թե ժամանակը չէ շահութահարկի տոկոսադրույքի շեշտակի իջեցման: Ներդրումային առաջնահերություն ունեցող գրեթե բոլոր հաջողակ երկրներում նման փորձ կիրառվել է»,- ասաց Ա. Դարբինյանը: