Գազայի հատվածի իշխանությունները պատրաստ են Իսրայելի հետ հրադադարին՝ գնդակոծությունների եւ սահմանային հարձակումների դադարեցման երաշխիքների դիմաց: Այս մասին հայտարարել է իսլամիստական կառավարության փոխվարչապետ Զիյադ ազ-Զազան:

«Սկզբունքորեն մենք համաձայն ենք հրադադարին, բայց նախ մեզ պետք է ագրեսիայի եւ իսրայելական զորքերի Գազայի հատված ներխուժելու դադարեցման երաշխիքներ տան: Այսպիսին են հրադադար կնքելու մեր պայմանները»,-նշել է փոխվարչապետը:

Մինչ օրս կառավարության եւ իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման ներկայացուցիչները հրապարակային հայտարարություններում մերժել են հրադադարի հնարավորությունը, քանի դեռ Իսրայելը «ամբողջությամբ չի վճարել» չորեքշաբթի օրը զինված իսլամիստական խմբավորումների առաջնորդ Ահմադ Ալ-Ջաբարիի ոչնչացման համար:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, Գազայի հատված է ժամանել Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը եւ նար այցելության օրն Իսրայելը խոստացել է դադարեցնել կրակը, եթե պաղեստինցիները նույնն անեն: Սակայն այդ պայմանավորվածությունը չի պահպանվել, կողմերը միմյանց մեղադրել են այն խախտելու մեջ: Իսրայելի իշխանությունները մեղադրել են «ՀԱՄԱՍ»-ին՝ Եգիպտոսի վարչապետին չհարգելու մեջ:

Նոյեմբերի 14-ին Իսրայելը Գազայի հատվածում գործողություն է սկսել գրոհայինների դեմ: Ավիահարվածներից մեկի հետեւանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի առաջնորդ Ահմեդ ալ-Ջաբարին: Ընդհանուր առմամբ, Իսրայելը Գազայի հատվածում ավելի քան 20 հարված է հասցրել: Վերջին տվյալներով, հակամարտության հետեւանքով ավելի քան 20 մարդ է սպանվել: