«Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման եւ ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթուղթը ներկայացվել է նոյեմբերի 16-ին կայացած Հայաստանի տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստում: Փաստաթղթի հիմնական խնդիրներից են տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման առաջնային ուղղությունների սահմանումը, ապակենտրոնացման պետական քաղաքականության հիմնական սկզբունքների, նպատակների ու ակնկալվող արդյունքների նկարագրումը, քաղաքականության իրականացման հիմնական փուլերի, իրականացվող քայլերի ու միջոցառումների սահմանումը:
Փաստաթուղթը մշակել է ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ փորձագետների աշխատանքային խումբը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցություն» ծրագրի շրջանակում:
«Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարի խոսքով` փաստաթղթի հիմնական նպատակը ապակենտրոնացման քաղաքականության հիմնախնդիրների ամբողջացումն է` երկրի կայուն զարգացման եւ ռազմավարական այլ ծրագրերին համապատասխան:
Ըստ հեղինակների`փաստաթուղթը ներառում է ապակենտրոնացման բոլոր բաղադրիչները. չորս գլուխները վերաբերում են վարչատարածքային բաժանման եւ միջհամայնքային համագործակցության, իշխանության եւ ֆինանսական ապակենտրոնացման, տեղական ժողովրդավարության, ՏԻՄ ընտրական համակարգի զարգացման հարցերին: Յուրաքանչյուր գլխում ներկայացվում են տվյալ ոլորտի հիմնախնդիրները եւ զարգացման առանցքային ռազմավարական ուղղությունները` կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարի համար:





























