Փաստաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարո Ղազարյանը մերկացրել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմ Աղաեւի  սուտը: Ինչպես հաղորդում է «Ասպարեզը», Ղազարյանն իր անհամաձայնությունն է հայտնել Ադրբեջանի կողմից իրականության խեղաթյուրումներին՝ կապված այսպես կոչված, «փոքրամասնությունների, այդ թվում հայերի հանդեպ հանդուրժողականության» քաղաքականության եւ իրականության հետ, որի մասին Լոս Անջելեսում համաշխարհային գործերի խորհրդի ամբիոնից հայտարարել է Ադրբեջանի հյուպատոսը:

«Դուք խոսում եք հանդուրժողականության մասին եւ խոսում եք Հայաստանի կողմից օրենքի ենթադրելի խախտումների մասին: Ինչպես եք Դուք համաձայնեցնում Ձեր երկրի նախագահի՝ միջազգային իրավունքն ամբողջովին անտեսելը, նրա կողմից բանտարկյալների փոխանցման կանոնները հարգելուց հրաժարվելը, մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, հայերին սպանող իր բոլոր հայրենակիցներին հերոս հռչակելը եւ հայտարարելը, որ ամբողջ աշխարհի հայերը Ադրբեջանի թշնամիներն են»,-հարցրել է Ղազարյանը:

Հայ փաստաբանն ներկայացրել է իր դիտողությունները, մեջբերելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքը եւ Սպիտակ Տան 2012 թվականի օգոստոսի 31-ի մամուլի հաղորդագրությունը, հիշեցնելով բոլորին Օբամայի նկատառումները. «Ես խորապես անհանգստացած եմ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու քայլով, Ադրբեջանի նախագահի գործողությունները հակասում են տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ հաշտությանն աջակցելու ընթացիկ ջանքերին»: