Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 16-ին ընդունեց  Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին:

Ա.Գեւորգյանը  բարձր գնահատեց Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ համագործակցության ներկա մակարդակը: Նա   հատկապես գոհունակություն հայտնեց մարզերում եւ համայնքներում Գերմանիայի աջակցությամբ իրականացվող ծրագրերի կապակցությամբ` նշելով, որ Գերմանական զարգացման բանկի (KfW) , Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)   հետ երկարատեւ եւ արդյունավետ փոխգործակցություն է ձեւավորվել  խմելու ջրամատակարարման, կոշտ կենցաղային թափոնների վերամշակման,  համայնքների տեղեկատվական բազաների մշակման, տեղական ժողովրդավարության ինստիտուտների զարգացման ոլորտներում:

Ա. Գեւորգյանը կարեւորեց նաեւ  KfW-ի կողմից տարվող աշխատանքները` հանրապետությունում ջրամատակարարման հիմնախնդիրների  ուսումնասիրման եւ  ինստիտուցիոնալ առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ  նշեց համայնքների վարչատարածքային բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին  GIZ կազմակերպության աջակցությունը:

Անդրադառնալով  նոյեմբերի 14-15-ը Երեւանում անցկացված  Ֆինանսական եւ  տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին` Ա. Գեւորգյանը  ողջունելի համարեց, որ  երկկողմ համագործակցության շրջանակում  նախանշված շատ ծրագրեր ուղղված են մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը` կարեւորելով հատկապես  Կապսի ջրամբարի վերակառուցմանը  գերմանական կողմից ֆինանսավորման պատրաստակամությունը:

Փոխվարչապետը նշեց,  որ  Հայաստանը եւ Գերմանիան կարող են արդյունավետ փոխգործակցել  նաեւ  ապակենտրոնացված  համագործակցության ձեւաչափով:    

Դեսպանը  եւս նշեց, որ հայ-գերմանական հարաբերություններն  արդյունավետ զարգանում են եւ  խոստացավ անել հնարավորը երկկողմ կապերն ավելի սերտացնելու համար:  Նա  գոհունակություն հայտնեց Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքից, ընդգծելով, որ  Հայաստանը մեկն է այն երկրներից, որտեղ  Գերմանիայի կառավարության աջակցությամբ  ծրագրերն  արդյունավետ են իրականացվում եւ  հաջողվածներից են: