Թուրքիայում հոկտմեբերի 12 –ին  քուրդ դատապարտյալների կողմից հայտարարված հացադուլը  շարունակվում է եւ գնալով ավելի մեծ աջակցություն է ստանում Թուրքիայում եւ միջազգային ասպարեզում: Եվրոպական մի շարք երկրներում եւ, մասնավորապես, Բելգիայում` Եվրախորհրդարանի շենքի մոտ, մի քանի հազար մարդ է հավաքվել` իրենց անհանգստությունը հայտնելու թուրքական բանտերում շարունակվող ճգնաժամի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է  «Asbarez»-ը, Եվրոպահայերի ֆեդերացիան միանում է  ԵՄ ինստիտուտների եւ եվրոպական կազմակերպությունների եւ, առաջին հերթին, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի կոչին, ով հայտարարել էր. «Անհանգստությամբ եմ հետեւում դատապարտյալ քրդերի, այդ թվում`ընտրված պաշտոնյաների, Թուրքիայի խորհրդարանի անդամների հացադուլին: Թուրքական իշխանություններին կոչ եմ անում արձագանքնել նրանց անհանգստություններին»:

Եվրոպահայերի ֆեդերացիան  եւս մեկ անգամ նշում է Թուրքիայի մերժողականության մասին` ինչպես  իր անցյալի հետ հաշտվելու, այնպես էլ փոքրամասնությունների իրավունքների հարգման առումով: Այդ երկրում ճնշումները պետական քաղաքականություն են, եւ խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը: