Մոսկվայի դատախազությունը որոշել է վերսկսել հայ աշակերտ Էդուարդ Մարկարյանի սպանության գործով հետաքննությունը: Սպանված տղայի մայրը՝ Ալլա Մարկարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ համապատասխան որոշումը ներկայացվել է նոյեմբերի 14-ի նիստում, թեեւ այն թվագրված է սեպտեմբերի 21-ին:
Այդ հանգամանքը բազմաթիվ հարցեր է ծնում: Գործի հետաքննությունը վերսկսելու եւ համապատասխան պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու մեր դիմումի առնչությամբ հոկտեմբերին երկու նիստ է տեղի ունեցել, սակայն դատախազության ներկայացուցիչները ոչ մի բառ չեն ասել գործի հետաքննությունը վերսկսելու որոշման մասին»,-նշել է Ալլա Մարկարյանը, չբացառելով, որ այդ որոշումը պարզապես ստորագրվել է հետին թվով:
Այդ փաստաթղթի օգնությամբ պատասխանատվությունից ազատվում են քննչական խմբի ղեկավարի տեղակալ Կրիվոշեեւը եւ քննիչ Նիկոլաեւը: Սակայն Էդուարդի մոր ներկայացմամբ, դատախազության որոշման մեջ սողանցք են թողել. Քննիչներին առաջարկվել է վերացնել պատանու մահվան պատճառների երկու փորձաքննությունների միջեւ առկա հակասությունները եւ պարզել հոգեկան տրավմատիկ վիճակի դերը:
Մոսկովյան թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը մահացել է 2010 թ-ի սեպտեմբերի 7-ին: Հայտնի է դարձել, որ տղան մահացել է ծեծկռտուքի ժամանակ: Կռիվը հրահրել է ազգությամբ ադրբենջացի 9-րդ դասարանցի Մամեդ Մամեդովը, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացիներ են հանդիսանում: Որոշ տվյալներով, Մամեդովը որոշ մարտական հնարքների է տիրապետում, որոնք կիրառել է Մարկարյանի հետ կռվի ժամանակ: Այնուհանդերձ, Մամեդովի դեմ քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է խրոնիկ հիվանդությամբ, ինչը ճակատագրական է եղել նրա համար:
Այս տարվա մարտին դատարանը Ալլա Մարկարյանի քաղաքացիական հայցի համաձայն որոշում է կայացրել, ըստ որի, Մամեդովի եւ Էդիկ Մարկարյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով առաջացած ստրեսայի իրավիճակը Էդիկ Մարկարյանի մոտ սիրտ-անոթային անբավարարություն է առաջ բերել: Այս կապակցությամբ Մամեդովի ծնողները 500 հազար ռուբլի են վճարել: Ընդ որում դատարանը մեղավոր չի ճանաչել մանկական պոլիկլինիկային եւ Առողջապահության նախարարությանը:




























