Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման ներկայացուցիչները վերջին երկու օրում երկրորդ անգամ Գազայի հատվածից գնդակոծել են Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվը: Պայթյունը որոտացել է, երբ քաղաքում միացել է օդային տագնապի ազդանշանը:
Ոստիկանների փոխանցմամբ, Թել Ավիվում իսկապես պայթյուն է որոտացել, սակայն որեւէ ավերածության մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Ավելի ուշ ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ հրթիռը ծովն է ընկել:
Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» շարժումը հայտարարել է, որ իր մարտիկներն են հրթիռն ուղարկել Թել Ավիվի ուղղությամբ: Իսրայելական «Հաարեց» թերթը նշում է, որ հրթիռը պայթել է դեռեւս օդում:
Միաժամանակ, օդային տագնապից հետո ապաստարան են տեղափոխվել Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն ու ՊՆ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնք այդ պահին քննարկում էին Գազայի հատվածում հետագա գործողությունների հարցը:
Ի պատասխան, Իսրայելը կրկին հրթիռակոծել է Գազայի հատվածը, հաղորդում է RBK-ն:
Ըստ «Ռոսբալտի», որոշ ավիաընկերություններ որոշել են դադարեցնել թռիչքները դեպի Թել Ավիվ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին, Թել Ավիվն առաջաին անգամ հրթիռակոծվել է 1991 թվականից ի վեր: Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Իսրայելն, ըստ տեղի լրատվամիջոցների, 5 զինվորական բրիգադներ է մոտեցրել Գազայի հատվածին՝ ցամաքային գործողություն սկսելու համար: Նախատեսված 30 հազար պահեստայիններից 16 հազարին արդել զորակոչել են: Այդուհանդերձ, Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու որոշում դեռեւս չի կայացվել:




























