Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կյող-Բիզոյին:
Կառավարության մամուլի ծառայությունից NWES.am-ին հայտնում են, որ վարչապետն ընդգծել է. «Ուրախ եմ, որ պետք է համագործակցենք կարեւոր ծրագրերի իրականացման գործում: Մենք կարեւորում ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի աշխատանքները Հայաստանում եւ վերջին 20 տարում համատեղ իրականացված ծրագրերը հաջողված ենք համարում»:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ 1992 թվականից Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակում ծավալվող աշխատանքներին ու համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների եւ օղակների հետ: Այդ համատեքստում կողմերը կարեւորել են համատեղ իրականացվող հազարամյակի զարգացման նպատակներին ուղղված ծրագրի, ինչպես նաեւ «Կանոնակարգիչ գիլյոտին» եւ «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրերի շարունակական իրականացումը: Կառավարության ղեկավարը խոսել է նշված ծրագրերի արդյունավետության մասին, մանրամասներ ներկայացրել դրանց ընթացքի վերաբերյալ:
Պարոն Կյող-Բիզոն հավաստիացրել է, որ ձեւավորված բարձր մակարդակի համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը կշարունակվեն: Նա նշել է, որ տարածաշրջանում Հայաստանը տնտեսական բավական լավ ցուցանիշներ է արձանագրում եւ բարձր է գնահատել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը:





























