Սիրիայում ծավալվող զինված բախումների թիրախում խաղաղ բնակչությունից, բնակավայրերից, հանրային ծառայության կառույցներից եւ ենթակառուցվածքներից բացի նաեւ աղոթավայրերն են՝ մզկիթներն ու եկեղեցիները, ասվում է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի ազգային առանորդարանի հայտարարությունում։
«Ռազմական գործողությունների հետեւանքով վնասվել են Օմեյադների մեծ մզկիթը, Հայ Առաքելական Ս. Գեւորգ եկեղեցին, Ավետարանական Երիցական Արաբական եկեղեցին եւ այլ աղոթատեղիներ՝ քանդվելով ու հրո ճարակ դառնալով:
Խստորեն դատապարտելի հանցագործություններից զերծ չեն մնացել նաեւ Հայոց Ցեղասպանության նվիրական վկայարաններ՝ Տեր Զորի Սուրբ Նահատակների հուշահամալիրը, Մարկատեի Սուրբ Հարություն հուշարձան մատուռը, Ռաս Ուլ Էյնի Սուրբ Հակոբ եկեղեցին, Ազգային Նահատակաց վարժարանի տարածքները։
Սիրիահայության անունից խստորեն դատապարտում ենք աղոթավայրերում եւ, հատկապես, նահատակների վկայարանների դեմ դրսեւորած տմարդի վերաբերմունքը։ Համայն աշխարհի եւ հայությանը հայտնում ենք, որ տերն ենք մեր աղոթավայրերին եւ նահատակների վկայարաններին։ Դրանք արժանավայել պահելու հանձնառությամբ վստահեցնում ենք, որ խաղաղության վերահաստատումից հետո վերականգնման մեր հավաքական երթի մեջ մեր հետ ունենք Մեծի Տանն Կիլիկիո Վեհափառ Հայրապետի օրհնությունը, համայն հայության եւ քաղաքակիրթ մարդկության զորակցությունը»,- նշվում է հայտարարությունում։





























