Ներկա արտակարգ իրավիճակի պայմաններում Սիրիայի անվտանգության ծառայության կողմից հայ թատերական բեմադրիչ եւ ռեժիսոր Ավո Գաբրիելյանին ձերբակալելու մասին հալեպահայերի օգնության շտաբը տեղեկացել է նրա հարազատներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:

Նրա խոսքով, հալեպահայերի օգնության շտաբը քայլեր է ձեռնարկում Գաբրիելյանի ձերբակալման հետ կապված: «Այժմ մեր երիտասարդները գտնվում են Անվտանգության ծառայությունում, մինչեւ հարցը պարզվի: Անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ Ավոն եւ նրա ընկերները կասկածվում են օրենքը խախտելու մեջ»,-ասաց Ռեիսյանը: Միաժամանակ, չի հաղորդվում , թե կոնկրետ որ ոօրենքն է խախտվել:

Ռեիսյանի ունեցած տեղեկություններով, պաշտոնապես ասվել է, որ Ավո Գաբրիելյանը օրենք է խախտել, սակայն չի նշվում, թե ինչ օրինախախտման մասին է խոսքը. «Անհայտ է, մեծ, թե փոքր արարք են նրանք գործել»:

Նշենք, որ Ավո Գաբրիելյանը ծնվել է 1985 թվականին, Հալեպում, սովորել է Հայկազյան հայկական դպրոցում եւ հայկական սեմինարիայում: Նա ավարտել է Դամասկոսի համալսարանի թատրոնի եւ կինոյի բաժինը, որից հետո աշխատել է մի քանի ֆիլմերի վրա: Հալեպ վերադառնալուց հետո նա սկսել է դասավանդել Թատրոնի եւ արվեստների Աքքադի ինստիտուտում: