Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին «իդելական գերմանացի» է անվանել, իսկ նրա կողմից պաշտպանվող Pussy Riot խմբին՝ հակասեմական: Նրանք խոսել են նաեւ Ռուսաստանում ժողովրդավարության վիճակի եւ վիզային ռեժիմը հանելու մասին:

«Պետերբուրգյան երկխոսություն» ֆորումի ամփոփիչ լիագումար նիստում Պուտինը չի համաձայնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարության հետ, թե ոչ Գերմանիայում կան իդեալական գերմանացիներ, ոչ Ռուսաստանում՝ իդեալական ռուսներ:

«Կա այդպիսի գերմանացի. դա տիկին կանցլերն է»,-ասել է ՌԴ նախագահը, ինչն առաջ է բերել ներկաների ծափահարություններն ու ծիծաղը, հաղորդում է «Վզգլյադը»:

Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, Մերկելն ասել է, որ քննադատությունը, որը հնչում է Ռուսաստանի հասցեին՝ ԵՄ կողմից, ապակառուցողական չէ: «Ես չեմ կարծում, որ պետք է յուրաքանչյուր քննադատություն ընդունել որպես ապակառուցողական: Բացեք գերմանական թերթերն ու կարդացեք, թե ինչ են այնտեղ գրում: Եթե ես միշտ վիրավորվեի, ես երեք օր էլ չէի դիմանա իմ պաշտոնում»,-ասել է նա: Միաժամանակ, կանցլերը նկատել է, որ Գերմանիան, ինչպես նաեւ Եվրամիությունն, անհանգստացած են, որ Ռուսաստանում ընդունվում են օրենքներ, որոնք սահմանափակում են ժողովրդավարությունը:

Անգելա Մերկելի կողմից Pussy Riot-ի գործի հետ կապված քննադատությանն ի պատասխան, Պուտինը կոչ է արել Գերմանիայի կանցլերին օբյեկտիվորեն քննարկել իրավիճակը: Պուտինը Մերկելին պատմել է, որ այդ խմբի աղջիկներից մեկը հրեայի խրտվիլակ է կախել եւ ասել, որ Մոսկվան պետք է ազատել նրանցից: «Մենք չենք կարող ձեզ հետ միասին աջակցել մարդկանց, ովքեր հակասեմական դիրքորոշում ունեն: Ես կխնդրեի դա նկատի ունենալ: Խնդիրը պետք է դիտարկել բոլոր կողմերից»,-հայտարարել է Պուտինը:

«Պետերբուրգյան երկխոսություն» ֆորումի ժամանակ Մերկելը նշել է, որ նման արարքի համար Գերմանիայում դժվար թե աղջիկներին բանտարկեին: