Հայաստանի հյուսիսում միջազգային նշանակության երկու երկրաբանական հուշարձան է հայտնաբերվել: Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք –Ադամյանը, Լոռիի եւ Տավուշի մարզերում դաշտային աշխատանքների շրաջանակում  հայտնաբերվել է կենդանի եւ անկենդան բնության մոտ երկու տասնյակ հուշաձան:

«Կազմվել են երկրաբանական տարիքի  եւ գործընթացի գնահատականները, ինչպես նաեւ լեռնային ապարների պարունակությունը»,-նշեց Մելիք- Ադամյանը, որը ծրագրին որպես փորձագետ է մասնակցում: Հայաստանի բնապահպանության նախարարությանը կից «Զիկատար» ՊՈԱԿ-ի ղեկավար Անդրանիկ Գուլիջանյանի կողմից կազմակերպված աշխատանքների արդյունքներով անցակացվել է անձնագրավորում, որը բնապահպանության նախարարությունում հաստատվելուց հետո, կհամալրի հանրապետության բնության հուշարձանների ցանկը:

Աշխատանքների շրջանակում իրականացվել է նաեւ «Թռչկան» ջրվեժի անձնագրավորումը, որը հաստատվել է  բնապահպանության նախարարի նոյեմբերի 9-ի հրամանով: Անձնագրում  ներառված է  նաեւ այն պահպանելու եւ օգտագործելու կանոնակարգը: Ջրվեժի տարածքում արգելվում են հիդրոտեխնիկական եւ հորատման աշխատանքները, ծառահատումները: Թույլատրվում է քաղաքացիների հանգիստը, այդ թվում` վրանային եղանակով:

Մելիք-Ադամյանի խոսքով` հայտնաբերված հուշարձանների թվում հատկապես կարեւոր նշանակություն ունեն նրանցից երկուսը` Լալվար գետից կիրճի միջին հոսանքում դիաբազերի շերտաքարեր. «Այս հուշարջանը աշխարհում քիչ հանդիպող պիրաքսեններից է, որն առաջացել է մետասոմատոզների արդյունքում: Նման գնահատական է տալիս քարաբանության Հայաստանի հեղինակավոր մասնագետ, ԵՊՀ դոցենտ Հովհաննես Գույումջյանը»,-նշեց փորձագետը:

Մյուս նշանակալի հուշարձանը Կովասարի թերթաքարերն են` Վարագաջուր գետի վերին հոսքում, որը «ընդամենը» 300 մլն տարեկան է,  այն դեպքում, երբ Հայաստանում մյուս  թերթաքարերը, օրինակ Բջնիի շրջանում, վերաբերում են մինչպալեոզոյի շրջանին:

Եւս մեկ ուշագրավ հուշարձան հայտնաբերվել է Մարց գյուղից ոչ հեռու` մոտ 2.5 մլն տարեկան բազալտի վրա հայտնաբերվել են տրավերտինե  շերտեր: Ըստ մասնագետի` նման համադրություն` բազալտ եւ տրավերտին, հազվադեպ է հանդիպում: