«Ամերիաբանկ» ՓԲԸ եւ Գերմանական ներդրումային եւ զարգացման կոռպորացիան (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH - DEG) կնքել են 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` ութ տարի մարման ժամկետով: Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին «Ամերիաբանկի» մամուլի ծառայությունից, վարկը կուղղվի փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է, որ DEG-ի հետ հաագործակցությունն աստիճանաբար ռազմավարական ուղղվածություն է ստանում: «Սա DEG-ի հետ երկարատեւ համագործակցության ընթացքում եւս մեկ նշանակալի ձեռքբերում է, եւ մենք ուրախ ենք, որ այդ համագործակցությունն աստիճանաբար ռազմավարական ուղղվածություն է ստանում: Այս վարկային պայմանագիրը մեզ թույլ կտա շարունակել ՓՄՁ հատվածի ֆինանսավորումը, որը Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն է: Պայմանագրի շրջանակներում փոքր եւ միջին ձեռնարկությունները երկարատեւ ֆինանսավորում ստանալու հնարավորություն կունենան, ինչը կնպաստի նրանց գործունեության ընդլայնմանը, մրցունակության բարձրացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասել է Հանեսյանը:
«Տնտեսական աճն էապես կախված է փոքր եւ միջին ձեռնարկություններից: Այդ իսկ պատճառով DEG-ը շահագրգռված է նշված ձեռնարկությունների զարգացման մեջ: Սույն նախաձեռնությամբ մենք հնարավորություն ենք տալիս մեր փորձառու եւ հուսալի գործընկերոջը՝ Ամերիաբանկին, ընդլայնելու ֆինանսավորման իր ծավալները: Միեւնույն ժամանակ մենք աջակցում ենք Հայաստանի ֆինանսական հատվածին՝ առավել հասանելի դարձնելով երկարաժամկետ ներդրումային միջոցները հատկապես փոքր եւ միջին ձեռնարկությունների համար»,-նշել է DEG-ի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն դոկտոր Անդրեաս Ցայսլերը:





























