Մերձմոսկվայի զինվորական ավանում պայթեցված փռի սեփականատեր Ռաֆիկ Մարգարյանի գործը հասել է դատարան: Այս մասին ասվում է Ռուսաստանի գլխավոր դատախազության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին այդ փռում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 8 մարդ էր զոհվել:
Հրդեհային անվտանգության պահանջները խախտելու մեղադրանքին, որը հանգեցրել է 2-ից ավելի մարդու մահվան, ավելացել է եւս մեկը՝ անօրինական միգրացիա:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մարգարյանը կազմակերպել է Հայաստանի եւ Տաջիկստանի քաղաքացիների անօրինական ժամանումը Դմիտրովյան շրջան: Նրանք ապրել են ձեռնարկատիրոջ փռում, որը գտնվում է Դմիտրովյան շրջանի Գորկի-25 ավանում գտնվող առեւտրի կենտրոնում:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 19-ին: Գազի բալոնի պայթյունը հանգեցրել է հրդեհի, որը տարածվել է 300 քմ տարածքում: Արդյունքում պայթել են եւս 7 բալոններ: Դեպքի վայրում զոհվել է երկու մարդ, եւս 7-ը մահացել են հիվանդանոցներում:




























