Շվեդական կահույք արտադրող IKEA ընկերությունը խոստովանել է, որ Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում գտնվող իր գործարաններում օգտագործել է քաղբանտարկյալների աշխատուժը: Նման եզրակացության են հանգել Ernst & Young ընկերության աուդիտորները, որոնք վարձել է IKEA-ն՝ հետաքննության համար: Հետաքննության արդյունքները ներկայացվել են այսօր՝ նոյեմբերի 16-ին, Բեռլինում:

Գերմանիայում քաղբանտարկյալների աշխատուժն օգտագործվել է 1980-ական թվականներին եւ ընկերության որոշ աշխատակիցներ իմացել են այդ մասին: IKEA-ի մենեջեր Ժանեթ Շելմոսեն ներողություն է խնդրել ընկերության անունից:

Հետաքննությունը, դեռեւս դրա արդյունքների հրապարակումից առաջ, լուրջ քննադատության ալիք էր առաջ բերել: ԳԴՀ-ի զոհերի օգնության միությունը կահույք արտադրող կոնցեռնին մեղադրել է, որ վերջինս խնդիրը շոուի է վերածել: Հեռանկարում միությունն ակնկալում է, որ IKEA-ն կփոխհատուցի նախկին քաղբանտարկյալների վնասները, որոնց աշխատուժն օգտագործվել է ընկերությունում, հաղորդում է Lenta.ru-ն: