Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատունը (հավատարմագրված է նաեւ Ուրուգվայում) բողոքի նոտա է ուղարկել Ուրոգվայի ԱԳՆ:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից APA-ին հայտնել են, որ դա կապված է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության Լեռնային Ղարաբաղ այցելության հետ: Բողոքի նոտայում նշվում է, որ այդ այցն «անօրինական է», իսկ այցելության ընթացքում տեղի ունեցած հանդիպումները եւ արված հայտարարությունները «անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի ինքնիշխանության եւ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության նկատմամբ»:

Նաեւ նշվել է, որ այդ «անօրինական այցելությունը վնասում է հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Բողոքի նոտայում ասվում է, որ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն այցելությունից առաջ հանդիպել է Ադրբեջանի դեսպանի հետ եւ հավաստիացրել, որ այցելության ընթացքում չի այցելի Լեռնային Ղարաբաղ»:

Հիշեցնենք, որ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով նոյեմբերի 12-ից գտնվում է Հայաստանում:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն հանդիպել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Այցելության շրջանակներում Ուրուգվայի պատվիրակությունն այցելել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել է Ուրուգվայի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորության հարցը: