Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ-ի եւ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներով: Այդ մասին, այսօր` նոյեմբերի 16-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հարցերին:

Վարչապետը նշել է, որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը եւ մեր երկիրը շահագրգռված է երկկողմ կապերի ընդլայնմամբ եւ խորացմամբ: «Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ նշվել է. քանի որ Հայաստանը չունի ընդհանուր սահմաններ Մաքսային միության երկրների հետ, ուստի մեր երկրի հետ պետք է ձեւավորվեն համագործակցության հատուկ մեխանիզմներ: Նախագահների հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ պետք է առաջարկի նոր գործիքակազմ, որոնք կօգտագործենք այդ ինտեգրացիոն գործընթացներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Միաժանմանակ, Տ. Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է նաեւ Եվրամիության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներով: «ԱՊՀ-ի, ԵվրԱզԷՍ-ի եւ ԵՄ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն պրոցեսները չի կարելի հակադրել միմյանց, հակառակը՝ դրանք պետք է տեսնել եւ դիտարկել որպես միմյանց փոխլրացնող հարաբերություններ: Մենք շահագրգռված ենք ԵՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով եւ այսօր մեզ համար առաջնային նշանակություն ունի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները մեկնարկել են ընթացիկ տարվա փետրվարին եւ նախատեսվում են ավարտել 2013 թ. վերջին»,- ասել է ՀՀ վարչապետը: