Գազայի հավածում իսրայելական կողմի օդային հարվածների հետեւանքով սպանվել է պաղեստինցի գրոհայինների հրամանատարներից մեկը:

Բրիտանական  Sky News հեռուստաալիքը, վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ հրամանատար Ահմեդ Աբու Ջալալը սպանվել է  Իսրայելի ԶՈՒ օդային հարվածի հետեւանքով: Նրանից բացի եւս 3 մարդ է զոհվել, հաղորդում է rbc-ն: 

Հիշեցնենք, նոյեմբերի 14-ից Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություն է սկսել ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների դեմ: Գազայի հատվածում օդային հարվածներից մեկի հետեւանքով սպանվել էր ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը` Ահմեդ ալ Ջաբարին: Ըստ նոյեմբերի 16-ի տվյալների` Իսրայելը Գազային 133 հրթիռներից 20 հարված է հասցրել: Զոհվել է 20 մարդ: Գազայի հատվածից դեպի Իսրայել հրաձգության հետեւանքով նոյեմբերի 15-ին սպանվել է 3 մարդ, երկու հրթիռներն ուղղված են եղել դեպի Թել Ավիվ:  

Նոյեմբերի 16-ի երեկոյան ՀԱՄԱՍ-ի գրոհայինները հրթիռային հարված են  հասցրել Երուսաղեմի ուղղությամբ: Երուսաղեմը վերջին 30 տարում առաջին անգամ հրթիռային հրետակոծության է ենթարկվել: ՀԱՄԱՍ-ի գրոհայինները  հայտարարել են, որ ցանկացել են հարվածել Քնեսեթի (իսրայելական խորհրդարանի) շենքին, սակայն հրթիռն ընկել է քաղաքից դուրս: Զոհեր չեն եղել, հայտնում է  BBC-ն:

Իսրայելի կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ Գազայի ուղղությամբ հարվածներն սկսել են այդ տարածքից պարբերաբար կատարվող հրթիռային հարձակումների պատճառով: Գործողությունը դեռեւս իրականացվում է ռազմաօդային ուժերի կողմից, սակայն իսրայելական բանակն արդեն ավարտել է ռազմական գործողությունների ցամաքային փուլի նախապատրաստությունները: