ԱՄՆ Կոնգրեսը փակ լսումների ընթացքում հարցեր է ուղղել Կենտրոնական հետախուզական ծառայության նախկին ղեկավար Դեւիդ Պետրեուսին այս տարվա սեպտեմբերին Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակման վերաբերյալ։ Քննարկման առարկան այն հարցն է, թե ինչու հարձակումն անմիջապես չի որակվել ահաբեկչություն։

Հանրապետական կուսակցությունում չեն բացառում, որ դա արվել է քաղաքական նկատառումներով՝ ցույց տալու համար, թե Օբամայի նախագահության ընթացքում ամերիկյան շահերի դեմ ոչ մի խոշոր ահաբեկչական գործողություն իրականացնել չի հաջողվել։

Պետրեուսի խոսքով, Բենգազիի ողբերգությունից անմիջապես հետո ԿՀՎ-ն ամերիկացի պաշտոնատար անձանց համար պատրաստել է մամուլի հաղորդագրություն, որում հիշատակվել են «Անսար աշ Շարիա» եւ «Ալ Կաիդան իսլամական Մաղրիբի երկրներում» խմբավորումները։ Իսկ հարձակումբը որակվել է որպես ահաբեկչություն։ Սակայն հաղորդագրության վերջնական տարբերակում խմբավորումների մասին չի նշվել։ Պետրեուսի վարկածով, դա արվել է, որպեսզի ահաբեկիչները չիմանան ամերիկյան հատուկ ծառայությունների թիրախների մասին։ Բացի այդ, միջգերատեսչական համաձայնեցման փուլում դուրս է մնացել նաեւ «ահաբեկչություն» բառը։

Պետրեուսը պնդել է, որ գործընթացի քաղաքականացում, Սպիտակ տան միջամտություն, իրավիճակին մասնակից նախարարությունների եւ գերատեսչությունների գործողություններում քաղաքական օրակարգ չեն եղել, ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։ Պետրեուսի պարզաբանումները չեն բավարարել Հանրապետական կուսակցությանը, հաղորդում է Vesti.ru-ն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Բենգազիում տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհվեցին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը, եւս երեք դիվանագետներ։ Պատասխանատվությունը ստանձնեց «Ալ Կաիդա» ընկերությունը։