Նոյեմբերի 17-ի առավոտյան իսրայելական բանակը վերսկսել է Գազայի հատվածի հրթիռակոծությունը՝ հնարավոր ցամաքային գործողության նախապատրաստման ֆոնին։ Իսրայելի քաղական ղեկավարությունը եւ զինվորական հրամանատարությունը չեն բացառում ցամաքային ներխուժումը Գազայի հատված։ Նախօրեին իսրայելական կառավարությունը բանակին թույլատրել է մոբիլիզացնել 75 հազար պահեստազորայինների։

Նոյեմբերի 16-ին իսրայելական բանակը «Ամպե սյուն» ռազմական գործողությամբ 200 հրթիռային հարված է հասցրել Գազայի հատվածին։ Զոհվել է 11 պաղեստինցի՝ խաղաղ բնակիչներ եւ գրոհայիններ։ Իսրայելական գործողության երեք օրերի ընթացքում զոհերի թիվը հասել է 29-ի, հաղորդում է ria.ru-ն։

Նոյեմբերի 17-ի առավոտյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող վարչապետ Իսմայիլ Հանիայի նստավայրին։ Ականատեսների վկայությամբ, շենքը փաստացի ոչնչացվել է, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին։ Զոհվածների եւ տուժածների մասին չի նշում։

Իսրայելական բանակի հրամանատարությունը հաստատել է վարչապետի նստավայրի հրթիռակոծության փաստը։

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Իսրայելի գործողություններն ուղղված են ՄԱԿ-ում Պաղեստինի հեղինակությունը սասանելուն։

Հիշեցնենք, որ այժմ ՄԱԿ-ը քննարկում է դիտորդի կարգավիճակ ստանալու՝ Պաղեստինի հայտը։