Անվտանգության դաշնային ծառայության եւ Ռուսաստանի սահմանապահ ծառայության աշխատակիցները նոյեմբերի 16-ին Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ձերբակալել են Femen-ի առաջնորդ Աննա Գուցոլին։

«Գուցոլից առգրավել են փաստաթղթերը, կապի միջոցները եւ տարել անհայտ ուղղությամբ», - ասված է FEMEN-ի հաղորդագրությունում, մեջբերում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Gazeta.ru-ն հաղորդում է, որ սահմանապահ ծառայությունն Աննա Գուցոլին Ռուսաստանի տարածք մուտք գործելն արգելելու հրահանգ ունի։ Խմբագրության տվյալներով՝ Գուցոլը Պետերբուրգ է ժամանել եվրոպական չվերթով, եւ նրան շուտով հետ կուղարկեն։

Ուկրաինական Femen շարժումը վերջին ամիսներին մեծ ճանաչում է ձեռք բերել բողոքի ոչ միանշանակ մի շարք ակցիաների շնորհիվ։ 2012թ. օգոստոսի 17-ին շարժման մասնակիցները սղոցել եւ տապալել էին Կիեւի Անկախության հրապարակի խաչը։ Նրանք հայտարարել էին, որ այդկերպ «կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում Pussy Riot-ի իրենց գործընկերներին»։

Դրանից հետո ուկրաինական իշխանությունները քրեական գործ էին հարուցել «Խուլիգանություն» հոդվածով։ Գործի հետաքննության շրջանակում հոկտեմբերի 22-ին Աննա Գուցոլին Կիեւում հարցաքննել էին։

Ավելի վաղ Femen-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ իրենց նկատմամբ քրեական 8 գործ է հարուցվել։