Միսուրիում ձերբակալվել է 20-ամյա Բլեք Լամերսը, որին կասկածում են կինոթատրոնում «Մթնշաղ» վամպիրական կինոպատման եզրափակիչ մասի առաջին ցուցադրության ժամանակ հանդիսատեսների վրա հրացանից կրակ բացելու մտադրության մեջ։

Իրավապահները հայտնել են, որ նոյեմբերի 15-ին ոստիկանություն է դիմել Լամերսի մայրը։ Նա հայտնել է, որ որդին գնել է նույն զենքից, որով հուլիսին Կոլորադոյում Ջեյմս Հոլմսը կրակ էր բացել Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ (12 մարդ զոհվեց, 58-ը վիրավորվեցին)։

Հարցաքննության ժամանակ Լամերսը խոստովանել է, որ ցանկանում էր հայրենի Բոլիվար քաղաքում կինոսեանսի ժամանակ գնդակահարել հանդիսականներին։ Մտադրությունն իրագործելու համար նա գնել է երկու հրացան եւ 400 փամփուշտ, հաղորդում է Associated Press-ը։

Մինչեւ կինոթատրոն մտնելը նա մտադրվել է նաեւ կրակ բացել հարեւանությամբ գտնվող Walmart սուպերմարկետում։ Լամերսին ներկայացվել է ծանր մարմնական վնասվածք հասցնելու փորձի եւ ահաբեկչական սպառնալիք ստեղծելու մեղադրանք։ Դատարանը նշանակել է կես միլիոն դոլար գրավ, հաղորդում է Lenta.ru-ն։