Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է իրավիճակը, որը ստեղծվել է նախկին պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի շուրջ։ Պուտինը հայտարարել է, որ խոչընդոտ չի տեսնում պաշտոնանկ նախարարի՝ նոր աշխատանքի տեղավորվելու հարցում։ Իսկ առայժմ Սերդյուկովը գործազուրկ է, ասել է Պուտինը, փոխանցում է Forbes-ը։
Ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, թե Սերդյուկովը նոր նաշանակում է ստացել՝ «Ռոստեխնոլոգիաների» գլխավոր տնօրենի խորհրդական։
«Քննությունն ու դատարանը Սերդյուկովին ոչ մի մեղադրանք չեն ներկայացրել։ Համաքաղաքակրթական պրակտիկա է՝ մարդն անմեղ է, քանի դեռ դատարանը չի ապացուցել նրա մեղքը։ Նա այլեւս աշխատելու իրավունք չունի՞։ Նա այժմ ոչ մի տեղ չի աշխատում։ Եթե նրան աշխատանք առաջարկեն, չեմ կարծում, որ մենք պետք է խոչընդոտենք։ Մարդն ունի աշխատելու իրավունք։ Մեզ մոտ 37 թվականը չէ»,- հայտարարել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նկատել է, որ Սերդյուկովը պաշտոնանկ է արվել, քանի որ «կասկածներ են առաջացել սեփականության հետ կապված հարցերում գործընթացները ղեկավարելու նրա ունակությունների վերաբերյալ», հաղորդում է TOPNews-ը։
Հիշեցնենք, որ Սերդյուկովը հեռացվեց պաշտպանության նախարարի պաշտոնից նոյեմբերի 6-ին կոռուպցիոն սկանդալի ֆոնին։





























