Տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի նիստը, որտեղ քննարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ քաղաքական կոնսուլտացիաները:  ԲՀԿ-ի կողմից բարձրացված հարցերը այժմ քննարկելը նպատակահարմար չէ, որովհետեւ ժամանակ չի մնացել, առջեւում նախագահական ընտրություններ են: Այս մասին ասյօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Քաղաքական կոնսուլտացիաների հիմքում դրված խնդիրներից մեկը՝  հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգը ՕԵԿ-ի համար ընդունելի է, եւ այդ հարցը պատրաստ են քննարկել նախագահական ընտրություններից հետո, այդ խնդիրը կարող է լուծվել փուլային, տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է քաղաքական կոնսուլտացիանների ընթացքում քննարկվող մյուս խնդրին՝ կառավարման խորհրդարանական համակարգին, ապա, Մհեր Շահգելդյանի կարծիքով, դա ժամանակավրեպ է, համահունչ չէ ՕԵԿ-ի մոտեցումներին պետական կառավարման առնչվող հարցերում,  մասնավորապես՝ անվտանգության խնդրին: Մհեր Շահգելդյանը նշեց, որ ԲՀԿ-ի հետ քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում այլ հանդիպում նախատեսված չէ, փոխարենը՝ առաջիկայում ՕԵԿ նեկայացուցիչները հանդիպելու են ՀՅԴ ԳՄ անդամների հետ՝ քննարկելու նրանց կողմից բարձրացվող հարցերը:

Մեկնաբանելով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, թե ՀՀԿ-ի հետ որոշ շփումներ հնարավոր է, սակայն կան քաղաքական ուժեր, որոնց հետ անիմաստ է խոսելը՝ նկատի ոււնենալով ՕԵԿ-ին,  ՕԵԿ փոխնախագահն ասաց, թե «իրենք քաղաքակիրթ են իրենց մոտեցումների եւ հայտարարությունների մեջ, այդպես միշտ եղել է, նաեւ այն ժամանակ, երբ ՀԱԿ-ի  կողմից անհարիր հայտարարություններ են լինում: Նրա խոսքով, ՀԱԿ-ի հետ հարաբերությունները սահմանափակվում են ԱԺ-ում, եւ չի կարծում, որ ՀԱԿ-ի հետ համագործակցության եզրեր կան: Ի դեպ, ՕԵԿ-ը դեռ որոշում չունի ՀԱԿ նախաձեռնությամբ հրավիրված նոյեմբերի 21-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն վերջերս հանդես են եկել նախաձեռնությամբ՝ կազմակերպելու քաղաքական կոնսուլտացիաներ: Երկու քաղաքական ուժերն էլ ակտիվորեն հանդիպումների մեջ են կուսակցությունների հետ, քննարկում են մի շարք հարցեր, մասնավորապես՝ հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգ, կառավարման խորհրդարանական համակարգ: