Վաշինգտոնի համար աշխատող եւ Կուբայում երկարամյա ազատազրկման դատապարտված ամերիկացի Ալան Գրոսը ամերիկյան կառավարության դեմ հայց է ներկայացրել։ ԱՄՆ-ի Պետքարտուղարության կառուցվածքում գործող Միջազգային զարգացման գործակալության (USAID) ենթակապալառուն մեկ այլ հայց էլ ներկայացրել է իր գործատուի դեմ։

Նա պատասխանողներից՝ ԱՄՆ-ի դաշնային կառավարությունից եւ Մերիլենդ նահանգում գտնվող մասնավոր DAI ընկերությունից 60 մլն դոլար է պահանջում՝ նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցում։

Նախորդ տարի Գրոսը 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել հեռահաղորդակցման սարքավորումների ապօրինի փոխադրման համար։ Տղամարդը պնդում է, որ գործատուներն իրեն Կուբայում գործունեության համար հարկ եղածի պես չեն նախապատրաստել եւ չեն բացատրել, թե ինչ ռիսկերի հետ է դա կապված, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Եվս մեկ հայց՝ 10 մլն դոլարի պահանջով, Գրոսի անունից ներկայացվել է Մերիլենդում՝ ապահովագրական ընկերության դեմ, որի հետ պայմանագիրը կնքվել էր Կուբայում աշխատելու ժամանակաշրջանի համար եւ ընտանիքի կերակրողի անհիմն ազատազրկման դեպքում տան անդամներին նպաստների հատկացում էր նախատեսում։

Գրոսը առանց Հավանայի գիտության եւ թույլտվության Կուբայի հրեական համայնքին համացանցին միանալու սարքավորումներ էր փոխանցում։ 2011թ. դատի ընթացքում նա ինքն իրեն անվանել էր «դյուրահավատ հիմար»՝ նշելով, որ USAID-ը եւ DAI-ը փաստացի «օգտագործել» են իրեն։