Նոյեմբերի 16-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Երեւան ճանապարհի 36-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճանապարհի աջ մասում կայանված «Դեյու Մատիս» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած, նշված մեքենայի վարորդ, 1978 թ. ծնված Ալբերտ Սարգսյանին, այնուհետեւ բախվել այդ ավտոմեքենային, հայտնում են Ոստիկանությունից:
Վթարի հետեւանքով Ալբերտ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի երկու ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության եւ Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Արթիկ քաղաքի բնակիչ, 1958 թ. ծնված Աղասի Թորոսյանն է:
Ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Թորոսյանը, նույն օրը, ժամը 22.25-ին, ներկայացել է ոստիկանություն:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























