Նոյեմբերի 17-18-ին Լեոնիդների ասուպային հոսքը կհասնի առավելագույն փուլին։ Մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Լեոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը, հայտնում են Հայկական աստղագիտական ընկերությունից։

Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ եւ երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9մմ-ի եւ կշռել մինչեւ 85 գրամ: Թեեւ սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, եւ այդ ժամանակ Լեոնիդները հանդիսանում են ամենառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչեւ 3000) ասուպ: