Ուրուգվայ տեղափոխվելու առաջին իսկ օրերից հայերը դարձել են մեր հասարակության լիիրավ մասը: Այս մասին հայտարարել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն` ԵՊՀ ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպմանը:
«Հայերը Ուրուգվայ եկել են հիմնականում 1915թ-ից հետո: Կներեք նման արտահայտության համար, բայց մեզ մոտ հայերը դադարել են վախենալ: Այն, ինչ նրանք տեսել էին` լքելով իրենց երկիրը, չէր կարող այստեղ կրկնվել: Եւ հայերը հաջողությամբ ինտեգրվեցին ուրուգվայական հասարակությանը»,-հայտարարեց Խ. Օրիկոն:
Նա նշեց տարբեր մակարդակի փոխայցերի կարեւորությունը: Հարցին, թե այդ կապակցությամբ կարելի է մտածել վիզային ռեժիմը հանելու մասին, Օրիկոն պատասխանեց, որ զբոսաշրջությունը Ուրուգվայի բյուջեին տարեկան մոտ 2 մլրդ դոլար է բերում, իսկ զբոսաշրջության նախարարը Լիլիան Քեչիջյանն է:
«Ուստի կարծում եմ բոլոր հնարավոր հարցերը կարող են լուծվել առանց դժվարության»,- կատակով նկատեց Օրիկոն:
Ըստ նրա` ծագումով հայեր կան Ուրուգվայի բոլոր քաղաքական կուսակցություններում, նրանք ակտիվ են երկրի մշակութային եւ տնտեսական կյանքում:





























