Կոնգրեսական Ջեյմս Մակգովերնը պետքարտուղար Հիլարի Քլինթոնին կոչ է արել երաշխավորել, որ ԱՄՆ-ը գործել է «բարձր զգոնությամբ` պահանջելով, որ Սիրիայում բոլոր կողմերը պաշտպանեն փոքրամասնություններին, այդ թվում` հայ եւ քրիստոնեական մյուս համայնքներին, որոնք հայտնվել են երկու կրակի արանքում»: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:
Պետքարտուղար Քլինթոնին ուղղված նամակում Ներկայացուցիչների պալատի անդամ Մակգովերնը իր վճռական աջակցությունն է հայտնել ԱՄՆ մարդասիրական ջանքերին եւ օրինագծին, որով Պետքարտուղարությանն առաջարկվում է 2013 թ. ֆինանսական տարում մարդասիրական օգնության հարցում առաջնությունը տալ Սիրիայի փոքրամասնությունների համայնքներին, այդ թվում` հայ համայնքի աջակցությանը:
Մակգովերնը նաեւ ընդգծել է , որ «Սիրիայի հայ համայնքը, հատկապես Հալեպի տարածաշրջանում, Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգներն են: Այդ հայերը, ի թիվս քրիստոնեական մյուս փոքրամասնությունների, այսօր ավելի հաճախ են բռնության զոհ դառնում` պայթյունների, առեւանգման, սրբավայրերի ոչնչացման միջոցով: Միայն վերջերս Դեյր Զորում գտնվող ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հայկական եկեղեցին լրջորեն վնասվել էր կրակահերթերից»:





























