Թունիսի արտաքին գործերի նախարար Ռաֆիկ Աբդեսալեմը մեկնել է Գազայի հատված։ Թունիսի պատվիրակության կազմում երկրի ղեկավարության եւ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ են, հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը, գրում է «Էխո Մոսկվին»։
Վերջին երկու օրում սա Գազայի հատված նմանատիպ արդեն երկրորդ այցն է։
Նախօրեին Գազա էր այցելել նաեւ Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը։
Թունիսցի պաշտոնյաների Գազայում գտնվելու ընթացքում Իսրայելը մտադիր է դադարեցնել ռմբահարումը։
Ռադիոկայանի տվյալներով՝ նոյեմբերի 17-ին Գազայի հատվածում Իսրայելի կատարած հրթիռակոծությունների զոհերի թիվը հասել է 34 մարդու։ Հայտնի է դարձել ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի ենթադրյալ չորս անդամների մահվան մասին։
Times թերթը, վկայակոչելով իսրայելյան բանակի հրամանատարության բարձրաստիճան աղբյուրներին, հաղորդում է, որ ռազմական գործողության ցամաքային հատվածը կսկսվի նոյեմբերի 17-ին։
«ՌԻԱ Նովոստիի» տվյալներով՝ ԵՄ 27 երկրների ԱԳՆ ղեկավարները նոյեմբերի 19-ին կհավաքվեն Բրյուսելում՝ քննարկելու Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրացման հարցը։





























