Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը նոյեմբերի 17-ին Թբիլիսիում քննարկել են Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների կարգավորման հարցերը։ Հանդիպումը փակ է եղել։ Ներկա է եղել նաեւ Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

Հատուկ ներկայացուցիչը Գորդոնին ծանոթացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ռազմավարությանը՝ համաձայն որի Վրաստանը մտադիր է առաջնահերթ առեւտրային եւ մշակութային հարաբերությունները հարթել։ Սակայն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին առայժմ խոսք չկա։

Հանդիպմանը Փանջիկիձեն եւ Գորդոնը քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարները, ընդգծել են աշխարհառազմավարական գործընկերության նշանակությունը եւ Վրաստանի ու ԱՄՆ-ի միջեւ գործընկերության մասին խարտիայի շրջանակում համագործակցության հարցերը, գրում է «Գռուզիա Օնլայնը»։

Հանդիպման ավարտին Մայա Փանջիկիձեն հաստատել է, որ Բիձինա Իվանիշվիլիի առաջին պաշտոնական այցը ԱՄՆ կկայանա նոյեմբերի վերջին։

Հիշեցնենք,  ԱԳՆ-ի ղեկավարն այդ ժամկետը նշել էր նախքան ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այցը Վրաստան՝ նշելով, որ հարցը կհամաձայնեցվի այցի ընթացքում։

 «Նովոստի Գռուզիան» հիշեցնում է, որ նախօրեին Ֆիլիպ Գորդոնը հանդիպել էր Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Գորդոնը եւ Իվանիշվիլին զրուցել էին ձերբակալությունների մասին, եւ Գորդոնը նոր վարչապետի ուշադրությունն էր հրավիրել ընտրողական իրավունքի անթույլատրելիության վրա։

«Ես ուշադրություն դարձրել եմ այդ հարցին, քանի որ դա կարեւոր է աշխարհում Վրաստանի վարկի տեսանկյունից», - ասել էր Գորդոնը Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպումից հետո։

Գորդոնը նաեւ նշել էր, որ «տպավորված է երկրում տեղի ունեցող իշխանության ժողովրդավարական փոխանցման գործընթացից»։

Իվանիշվիլին իր հերթին հավաստիացրել է, որ Վրաստանում վերջին ձերբակալությունները քաղաքական հետապնդումներ չեն, եւ որ նոր իշխանություններն ընտրողական իրավունք չեն հանդուրժի։

Նշենք, վերջին տասը օրերին Վրաստանի իրավապահ մարմինները նախորդ կառավարության 16 պաշտոնյայի են ձերբակալել։