Արդեն 2-3 տարի է՝ հայկական շուկայում հայտնվել են կեղծ «Էլբոր» փականներ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին լրագրողներին հայտնեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փորձագետ Հայկ Վարդանյանը: Նրա ներկայացմամբ՝ սպառողների մոտ մեծ պահանջարկ վայելող ռուսական արտադրության այս փականը կեղծվում է գրեթե ոսկերչական ճշգրտությամբ, ամենայն հավանականությամբ՝ Չինաստանում, որտեղից ներկրվում է: Ընդ որում՝ կեղծ «Էլբորները» տարածում են գտել բազմաթիվ շինանյութի խանութներում:
Փաստաբան Արտակ Միքայելյանը, ով ներկայացնում է «Զավոդ Էլբոր» ընկերության շահերը Հայաստանում, նշեց, որ կեղծ փականներ առաջին անգամ հայտնաբերել են 2011 թ.: Անմիջապես դիմել են ոստիկանությանը, քանի որ ապրանքի կեղծումը համարոմ են քրեորեն պատժելի արարք: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունը 3 տնտեսվարողի մոտ հայտնաբերել է կեղծ փականներ, բայց քրեական գործ չի հարուցվել՝ պատճառված վնասը չի գերազանցում 200 հազ. դրամը (ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ քրեական վնաս հարուցվում է միայն 200 հազ. դրամը գերազանցող վնասի դեպքում):
«Էլբորը» դիմել է նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ-ին, որտեղ կատարել են ուսումնասիրություններ, հարուցվել է վարույթ: Ըստ Ա. Միքայելյանի՝ կեղծված փականները շատ վտանգավոր են՝ դուռը կարող է չփակվել, կամ փակվելուց հետո չբացվել, ժամանակից շուտ են փչանում: Ապրանքային նշանը գրանցվել է մաքսային մարմնում, որպեսզի կեղծիքը հայտնաբերվի հենց ներկրման ընթացքում, սակայն առայսօր ոչինչ չի հատնաբերվել: Խանութները կեղծն ու իսկականը վաճառում են նույն գնով (4-5 հազ. դրամ), սակայն կեղծը ձեռք են բերում ցածր գնով: Այսինքն՝ ի սկզբանե տեղյակ են, որ կեղծ փական են գնել, սակայն ստուգիչ մարմինների մոտ արդարանում են, թե շուկայից են գնել ու չգիտեն, թե ումից: Ներկայում ՏՄՊՊՀ-ն աշխատանքներ է իրականացնում՝ կեղծ փականների սկզբնաղբյուրը բացահայտելու ուղղությամբ:






























