Շուկայում հայտնվել են անհայտ ծագման ապրանքներ, որոնք իրենց արտաքին հայտանիշերով գրեթե չեն տարբերվում օրիգինալից: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին Աղվերանում կեղծված ապրանքներին նվիրված սեմինարի ընթացքում լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փորձագետ Հայկ Վարդանյանը:

Խոսքը վերաբերում է հայկական արտադրության «Ռախշա» լվացքի փոշուն, պարսկական արտադրության «Գոլնար» օճառին եւ Nassim ատամի մածուկին: Կեղծիքն այնքան կատարյալ է, որ սպառողը գործնականում չի կարող տարբերել օրիգինալը կեղծվածից:

Ներկայում ՏՄՊՊՀ-ն վարույթ է իրականացնում այս շուկայում՝ փորձելով հայտնաբերել կեղծ արտադրության հեղինակներին: Հ. Վարդանյանի տեղեկացմամբ՝ առավել հավանական է, որ կեղծ ապրանքներն արտադրվում են Հայաստանում; Սակայն խնդիրն այն է, որ մանրածախ առեւտրի ցանցերը տեղեկատվությւոն չեն տրամադրում, թե ումից են գնել կեղծ ապրանքները՝ արդարանալով, որ դրանք գնում են շուկայից: Ի դեպ՝ սեմինարին մասնակցող գերմանացի փորձագետ, դատավոր Մարկուս Շնայդերն առաջարկեց պատասխանատվության ենթարկել նաեւ այն խանութներին, որոնք վաճառում են կեղծ ապրանքներ եւ չեն կարողանում կոնկրետացնել ձեռքբերման աղբյուրը: