Սիրիայի ընդդիմությունը միավորվել է նոր մարմնի շուրջը՝ Ահմեդ Մուազ ալ-Հատիբի գլխավորությամբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, մամուլի ասուլիսում նշեցին արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Պետրոսյանը:

«Նոյեմբերի 11-ին Սիրիայի ընդդիմադիր ուժերը հայտարարել են նոր մարմնի՝ Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ազգային կոալիցիայի շուրջ: Ընդդիմադիր ուժերի առաջնորդ է դարձել Ահմեդ Մուազ ալ-Հատիբը, ով հայտնի է իր ծայրահեղական հայացքներով: Նոր կոալիցիան պետք է լուծի մի շարք խնդիրներ: Առաջին հերթին, պետք է հասնել վստահության եւ ճանաչման Սիրիայի չեզոք խմբավորումների շրջանում»,-նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով, կարեւոր դեր կխաղա նաեւ նոր առաջնորդի անձը: «Կոալիցիայի շուրջ չի հաջողվի միավորել սիրիացի ալավիներին, որովհետեւ ալ-Հատիբը նրանց անհավատ է համարում: Այսպիսով, նոր մարմնի միավորող դեր ստանձնելու շանսերը այնքան էլ բարձր չեն»,-ընդգծել է արաբագետը: