Եթե նախկինում Սիրիայում գործում էր Սիրիայի Ազգային խորհուրդը, որը գտնվում էր Թուրքիայում եւ ենթարկվում էր այդ երկրին, ապա հիմա նոր կոալիցիան կենտրոնացած է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Սիրիայի նոր կոալիցիայի գլխավոր նպատակը անցումային կառավարության ձեւավորումն է, որը կճանաչվի Արեւմուտքի երկրների կողմից: Պետք է նշել, որ նոր մարմինն արդեն ճանաչվել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Իտալիայի կողմից, որպես սիրիական ընդդիմության օրինական ներկայացուցչական մարմին»,-ընդգծեց արաբագետը:

Ս. Գրիգորյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ այդ նոր մարմինը ճանաչելուց  առաջ պետք է հավաստիանալ, որ կասկածելի ծայրահեղական ուժերը որեւէ առնչություն չեն ունենա նրա հետ: