Եգիպտոսի Ասյուտ նահանգում դպրոցական ավտոբուսի եւ գնացքի սարսափելի բախման զոհերի թիվը հասել է 49-ի: Այս մասին պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Եհիա Կեշկի նահանգապետը, հավելելով, որ աղետի զոհերի մեծ մասը երեխաներ են, եւս 18 մարդ վիրավորվել է:
Նահանգապետի խոսքով, ողբերգության մեղավորը երկաթգծի աշխատակիցն է, ով իր հերթապահության ժամանակ քնել է, որի հետեւանքով երկաթուղային կայարանում չի հնչել գնացքի մոտենալն ազդարարող ազդանշանը:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ի առավոտյան. դպրոցական ավտոբուսը կանաչ լույսի տակ հատելիս է եղել երկաթգիծը, երբ գնացքը հարավածել է ավտոբուսին: Վիրավորներին ու զոհերի մարմինները տեղափոխվել են Ասյուտ քաղաքի հիվանդանոց:
Եգիպտոսի տրանսպորտի նախարար Ռաշադ ալ-Մետինին դեպքից հետո հրաժարական է տվել, ընդգծելով, որ վթարի պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Հրաժարական է տվել նաեւ Եգիպտոսի երկաթուղու վարչակազմի ղեկավարը:
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հանձնարարել է պաշտպանության եւ առողջապահության նախարարներին՝ անհրաժեշտ օգնություն տրամադրել զոհերի ընտանիքներին:





























