Պակիստանի իշխանությունները որոշել են բանտերից ազատ արձակել «Թալիբան» շարժման 9 ազդեցիկ գործիչների: Այսպիսով, Պակիստանը բավարարել է Աֆղանստանի խնդրանքը:
Երկրի իշխանությունը հույս ունի, որ արմատական իսլամիստական խմբավորման սպաների ազատ արձակումը կարող է առանցքային դեր խաղալ ազգային հաշտության բանակցություններում, որոնք իրենք վարում են զինված ընդդիմության հետ:
Ազատ արձակվածների թվում է նաեւ մոջահեդների դաշտային հրամանատար Յունուս Հալեսի որդին: Յունուս Հալեսը 1980-ականներին պայքարել է խորհրդային զորքերի դեմ եւ գլխավորել «Աֆղանստանի իսլամական կուսակցություն» խմբավորման թեւերը, գրում է Gazeta.ru-ն:
Բացի այդ, մոտակա օրերին Պակիստանի իշխանությունները բանտից ազատ կարձակեն Մոլլա Բարադարին, ով «Թալիբանի» երկրորդ դեմքն է՝ Մոլլա Օմարից հետո:
Աֆղանստանի խաղաղության բարձրագույն խորհրդի ղեկավար Սալահուդդին Ռաբանին, որի պատվիրակությունը օրերս պաշտոնական այցով գտնվել է Իսլամաբադում, Քաբուլում նոյեմբերի 17-ին հանդես գալով ասուլիսում, հայտարարել է, որ արմատական շարժման 9 ազդեցիկ գործիչների ազատ արձակումն առանցքային դեր կխաղա Աֆղանստանում զինված ընդդիմության հետ բանակցություններում:
Ազատ արձակված թալիբներին չեն հանձնի Աֆղանստանի իշխանություններին, նրանց երաշխավորվել է ազատություն ու անվտանգություն եւ նրանք կարող են ազատ տեղաշարժվել եւ ապրել ցանկացած երկրում՝ իրենց ընտանիքներով:




























