Եգիպտոսում այսօր՝ նոյեմբերի 17-ին, եւս մեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Կահիրեից ոչ հեռու երեք մեքենաների բախման հետեւանքով զոհվել է 12 մարդ, եւս 8-ը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Առկա տեղեկատվության համաձայն, ավտովթարը տեղի է ունեցել արագընթաց ավտոմայրուղում, որը Էլ-Ֆայում քաղաքը կապում է Կահիրեին:
Ուղեւորներ տեղափոխող միկրոավտոբուսը մեծ արագությամբ ընթանալով, բախվել է բեռնատարին: Եվս մեկ մեքենա, որի վարորդը չի կարողացել արագ արձագանքել տեղի ունեցածին, հարվածել է միկրոավտոբուսին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Միկրոավտոբուսում գտնվողները՝ 10 մարդ, տեղում մահացել են, զոհվել են նաեւ բեռնատարի եւ երրորդ մեքենայի վարորդները:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 17-ի առավոտյան, Եգիպտոսի Ասյուտ նահանգում դպրոցական ավտոբուսը բախվել էր գնացքին, որի հետեւանքով զոհվել էր 50 մարդ, հիմնականում երեխաներ, եւս 20 մարդ վիրավորվել էր:




























