Եթե ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հայտարարեր, որ Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական չէին եւ կառավարությունը խախտումների է դիմել, ձեր երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը կզրկվեր հիմքից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնն՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, վրացական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն կարող է իրեն շքեղություն թույլ տալ՝ չընդունել ոչ ժողովրդավարական երկրներին, հաղորդում է «Ինտերպրես Նյուզը»:

«Ինչ վերաբերում է կոնկրետ Վրաստանին, եթե տեղի ունեցող ձերբակալությունների ընկալումն այնպիսին լինի, որ վրացական կուսակցությունները չեն պահպանում խաղի կանոնները եւ չեն առաջնորդվում սահմանադրական դրույթներով, այլ գործում են միայն ելնելով նրանից, թե ով է ավելի ուժեղ, ապա ՆԱՏՕ-ում հոռետեսություն կհայտնվի կապված նրա հետ, թե արդյոք Դաշինքին պե՞տք է նման երկիր»,-հայտարարել է Գորդոնը:

Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի՝ Վրաստանի հետ հարաբերությունները կախված կլինեն առաջին հերթին այդ երկրում ժողովրդավարության վիճակից: