ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է անում անհապաղ դադարեցնել Իսրայելի տարածքի եւ Գազայի հատվածի հրաձգությունը: Նա նաեւ հայտնել է, որ Կահիրե է մեկնում հրադադարի բանակցությունների համար:
Իսրայելը նոյեմբերի լույս 19-ի գիշերը վերսկսել է Գազայի հատվածի հրաձգությունը: ՀԱՄԱՍ-ի գրոհայիններն իրենց հերթին չեն դադարում հրթիռներ արձակել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նոյեմբերի 18-ին հակամարտության սրման ամենարյունահեղ օրն էր: Գազա քաղաքի բնակելի թաղամասում Իսրայելի ռազմաօդային ուժերի օդային հարվածը 11 մարդու կյանք է խլել: Իսրայելի ղեկավարությունում հայտարարում են, որ թիրախը ՀԱՄԱՍ-ի ղեկավարների տներն են:
Պաղեստինաիսրայելյան հակամարտության ներկա փուլի 5 օրվա ընթացքում զոհվել են 72 պաղեստինցի եւ 3 իսրայելցի: Ենթադրվում է, որ զոհվածների կեսը խաղաղ բնակիչներ էին:
Միաժամանակ շարունակվում են հրադադարի մասին բանակցությունները:
Հրադադարի մասին բանակցությունները Իսրայելի եւ պաղեստինյան խմբավորումների միջեւ «լուրջ փուլ» են մտել, սակայն կողմերը դեռեւս համաձայնության չեն եկել, հայտնում է պաղեստինյան «Մաան» գործակալությունը` վկայակոչելով իշխող ՖԱԹՀ շարժման ԿԿ-ի անդամ Նաբիլ Շաաթին:
Շաաթը նոյեմբերի 18-ին հանդիպել է Գազայում իշխող ընդդիմադիր իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Խալեդ Մաշաալեմին, նրա տեղակալ Մուսա Աբու Մարզուքին եւ տեղեկացել Կահիրեում անուղակի բանակցությունների ընթացքի մասին, որոնք ընթանում են եգիպտական իշխանությունների միջնորդությամբ, հայտնում է «Ռոսբալտը»:
Ըստ Շաաթի` Իսրայելը համաձայնել է պայմաններին, որոնք նախկինում անընդունելի էին համարվում: Այնուամենայնիվ, հրադադարը «հազիվ թե ուժի մեջ մտնի առաջիկա օրերին, քանի որ Իսրայելն իր դրույթներն է պարտադրում` արհամարհելով ՀԱՄԱՍ-ի եւ պաղեստինյան այլ խմբավորումների պահանջները»:Մինչդեռ պաղեստինցիները պահանջում են ոչ միայն դադարեցնել իսրայելական ներխուժումը Գազայի հատված, խմբավորումների առաջնորդների թիրախային ոչնչացման եւ ձկնորսների վրա հարձակումների դադարեցում, այլեւ ափամերձ անկլավի շրջափակման լիակատար վերացում:




























