Գազայի հատվածում հինգ օր շարունակվող գործողության ընթացքում Իսրայելը հրթիռներից բացի նաեւ 44 միլիոն կիբերհարձակման է դիմակայել:
Հաքերների բոլոր հարձակումները, բացի մեկից, հաջողվել է ձախողել: Այն ուղղված է եղել կառավարական կայքերից մեկի դեմ, որի հետեւանքով մի քանի րոպե դադարեցրել է աշխատանքը, հայտնել է Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Շթայնիցը:
Ավելի վաղ Anonymous հաքերական խմբավորման ներկայացուցիչները հայտարարել էին իսրայելական գրեթե 700, այդ թվում` Իսրայելի խոշոր բանկերից մեկի կայքը կոտրելու եւ տվյալների բազան վնասելու մասին, հայտնում է ՆՏՎ-ն:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունը շարունակվում է նոյեմբերի 14-ից: Ըստ վերջին տվյալների` այդ ընթացքում հրթիռային հարձակումների զոհ են դարձել 72 պաղեստինցի եւ երեք իսրայելցի:




























