Դոհայում ստեղծված սիրիական ընդդմիության կոալիացիայի ճանաչումը Ֆրանսիայի կողմից հերթական անգամ հաստատում է, որ պաշտոնական Փարիզը Թուրքիայի եւ Քաթարի հետ սատարում է ահաբեկչական խմբավորումներին եւ մասնակից է Սիրիայում բռնության խորացմանը, հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրա Ազ Զոուբին։
Իրանական «Ալ Ալյամ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ազ Զոուբին նկատել է, որ ուղղակի ռազմական ներխուժման ձախողումից հետո Սիրիային թշնամական արեւմտյան երկրներն ու նրանց զինակիցները տարածաշրջանում դիմել են սիրիական արտասահմանյան ընդդիմությանը արյունահեղության շարունակման եւ հակամարտության խորացման նպատակով։
Դոհայում սիրիական ընդդիմության կոալիցիայի ձեւավորումը նախարարը որակել է Սիրիայի ժողովրդի դեմ պատերազմի հայտարարում։ Նա ընդգծել է, որ կոալիացիայի անդամները մերժում են Կոֆի Անանի նախաձեռնությունները, հրաժարվում են երկխոսությունից եւ չեն ընդունում հակամարտության խաղաղ կարգավորումը՝ պնդելով ահաբեկիչներին զինելու եւ ռազմական գործողությունները շարունակելու վրա։
Նախարարը հիշեցրել է, որ Սիրիան արաբա-իսրայելական հակամարտության ամբողջ ընթացքում հանդես է եկել պաղեստինցիների իրավունքների վերականգնման եւ Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու օգտին։ Սիրիան կոչ է արել աջակցել Գազայի հատվածին, որը ենթարկվում է իսրայելական ագրեսիայի։




























