Ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր իսրայելական հրթիռակոծությունների հետեւանքով Գազայի հատվածում զոհվել է 81 պաղեստինցի։ Նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Վիրավորվածների թիվը հասնում է 720-ի։ Վիճակագրությունը ներկայացրել է Associated Press-ը։

Նոյեմբերի 18-ին Գազայի բնակելի շենքի հրետակոծության հետեւանքով զոհվել է 11 քաղաքացիական անձ։ Զոհվածների թվում են չորս երեխաներ եւ 81-ամյա մի կին։

Նոյեմբերի 19-ին իսրայելական օդուժի հարվածի հետեւանքով Գազայում ոչնչանցվել են երկու տներ, որոնք պատկանում էին նույն ընտանիքին։ Չորս մարդ զոհվել է, 42-ը՝ վիրավորվել։ Մինչեւ 15 մարդ մնում է փլատակներում, հաղորդում է Lenta.ru-ն։

Ռազմական գործողության սկզբից ի վեր Իսրայելը Գազայի հատվածին հասցրել է ավելի քան հազար օդային հարված։ Գազայի հատվածը հրետակոծվում է նաեւ ռազմանավերից։ Թիրախում ՀԱՄԱՍ-ի գրոհայիններն ու օբյեկտներն են։  ՀԱՄԱՍ-ը եւս հրթիռակոծում է Իսրայելի տարածքը, սակայն հրթիռների մեծ մասը ոչնչացնում է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը։ Իսրայելական կողմից զոհվել է երեք մարդ, բոլորը՝ խաղաղ բնակիչներ։