«Ռոսկոսմոսը» կառավարությանն իրազեկում է ուղարկել «Ռուսական տիեզերական համակարգերի» (ՌՏՀ) գլխավոր տնօրեն Յուրի Ուրլիչիչին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Նախորդ շաբաթ նրան հեռացրել էին Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի (ԳԼՕՆԱՍՍ) գլխավոր կոնստրուկտորի պաշտոնից: Այդ մասին «Սոյուզ» տիեզերանավի բարեհաջող վայրէջքից հետո կայացած մամուլի ասուլիսում  հայտնել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիմիր Պոպովկինը:

Կադրային որոշումները կայացվել էին, երբ հայտնի էր դարձել բյուջեից 6,5 միլիարդ ռուբլի յուրացումների մասին, որոնք հատկացվել էին  ԳԼՕՆԱՍՍ-ի համար: Հետաքննությունն սկսվել էր դեռեւս երկու տարի առաջ, սակայն դրա մանրամասները պարզվել են միայն վերջերս: 

«Ռոսկոսմոսի»  ղեկավարը նշել է, որ վերջին որոշումները կայացվել են, «որպեսզի ոչ ոք չխանգարի քննչական գործողություններին»:

Տիեզերական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ ԳԼՕՆԱՍՍ-ի համար հատկացված  փողերի յուրացման մասին ինքն իմացել է նախորդ տարի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը հայտարարել էր, որ այդ մասին իմացել է դեռեւս 2010-ին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախորդ շաբաթ Մոսկվայի մետրոպոլիտենի ներքին գործերի վարչության ղեկավար Իգոր Բոժկովը, որը մինչեւ այս տարվա հուլիսի վերջն աշխատել է հետաքննությունը վարող ՌԴ ՆԳՆ-ի քրեական հետախուզության բաժնում, լրագրողներին հայտնել էր, որ ոստիկանությունը 6,5 միլիարդ ռուբլու յուրացում է բացահայտել: