Իսրայելական իշխանությունները ՀԱՄԱՍ շարժմանը վերջնագիր են ներկայացրել: Ըստ ներկայացված պահանջի պայմանների, եթե 36 ժամվա ընթացքում Գազայի հատվածից չդադարեն Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծությունը, Իսրայելը կընդլայնի ռազմական գործողությունը: Այդ մասին հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Շթայնիցը:
Իսրայելական բանակային «Գալեյ Ցախալ» ռադիոկայանի հետ հարցազրույցում նախարարն ընդգծել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը չդադարի հրետակոծել Իսրայելի տարածքը եւ ապօրինաբար Գազայի հատված զենք մատակարարելը, գործը կարող է հասնել հարցի «ռազմական լուծման», հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների` Գազայի հատվածում Իսրայելի հրետակոծության հետեւանքով զոհվել է 81 մարդ, իսրայելական կողմի կորուստը երեք մարդ է: Մինչդեռ Կահիրեում եգիպտական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: Ըստ պաղեստինյան կողմի` հազիվ թե բանակցությունները մոտ ժամանակներս հաջողությամբ պսակվեն Իսրայելի պահանջների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ առաջիկա երկու օրը պարզ կլինի, թե կարող են արդյոք բանակցությունները հաջողութամբ պսակվել:





























