Ղազախստանցի սահմանապահ Վլադիսլավ Չելախը, որի դատավարությունը սկսվել է նոյեմբերի 19-ին, պահանջել է դատարանի դահլիճից հեռացնել լրագրողներին:
Չելախը վրդովված դիմել է դատավորին՝ ասելով, որ լրագրողների աղմուկն իրեն խանգարում է: Դատախազությունը եւ պաշտպանող կողմն աջակցել են մեղադրյալի միջնորդությանը: Մեղադրյալի խնդրանքով դատավորը նաեւ արգելել է դատարանի դահլիճում նկարահանումները:
Լրագրողները դատավարությանը կարող են հետեւել առանձին սենյակից, որում ձայնային եւ տեսահեռարձակում է ապահովված, գրում է newskaz.ru-ն:
Kazakhstan Today-ի տեղեկացմամբ, Սերիկ Սարսենովը՝ Վլադիսլավ Չելախի փաստաբանը, առարկել է Դաստան Սեկենովին: Նա նաեւ հայտարարել է, որ տվյալ գործը պետք է քննվի Ալմաթիի քրեական գործերով մասնագիտացված զինվորական հատուկ դատարանում: Դատարանն ընդմիջում է հայտարարել միջնորդությունների դիտարկման համար:
Ավելի վաղ դատապարտյալն իր փաստաբանի խորհրդով հրաժարվել էր դատին ատենակալների մասնակցությունից: Ըստ Սերիկ Սարսենովի` նա կասկածներ ուներ ատենակալների խորհրդի անկողմնակալության վերաբերյալ: Սարսենովը ենթադրել է, որ ատենակալների վրա կարող է ճնշում գործադրվել:
«Արկանկերգեն» սահմանային ժամանակավոր դիրքում սպանդը տեղի էր ունեցել մայիսի վերջին: Զորամասի շենքն այրվել էր, իսկ ներսում հայտնաբերել էին 14 զոհերի մարմինները: Բացի այդ, մոտակայքում հայտնաբերվել էր տեղի որսորդի դին:
Մի քանի օր անց ձերբակալվել էր միակ ողջ մնացած սահմանապահը` 19-ամյա շարքային Չելախը: Ձերբակալությունից հետո նա խոստովանել էր զինակիցների եւ անտառապահի սպանությունը, սակայն հետագայում հրաժարվել էր խոստովանական ցուցմունքներից՝ հայտարարելով, որ հոգեբանական ճնշման է ենթարկվել: Չելախը հայտնել էր, որ զորամասի վրա հարձակում է կատարվել:
Սպասվում է, որ գլխավոր նիստի ժամանակ դատարանը կքննի Չելախի պաշտպանության միջնորդությունները ՝ գործը լրացուցիչ քննության ենթարկելու, Չելախի խոստովանությունն իբրեւ ապացույց ընդունելու անթույլատրելիության եւ իրավաբանական ուժ չունեցող ճանաչելու վերաբերյալ:





























