2013թ. բյուջեն վերջին չորս տարիների ամենաանհաջող բյուջեն է: Այս մասին այսօր` նոյեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրա խոսքով, այս բյուջեն ոչինչ չասող բյուջե է, ոչ մի հեռանկար չի խոստանում Հայաստանի ոչ մի քաղաքացու, այդ թվում նաեւ պետական ծառայության մեջ գտնվողներին:

«Այս բյուջեն, ոչինչ չի խոստանում բիզնեսին: Այս բյուջեին ծանոթանալուց հետո պեսիմիստական տրամադրությունները ավելանում են  եւ ովքեր ունեին երկրից հեռանալու կիսացանկություն, ավելի շատ հեռանալու ցանկություն կունենան այս բյուջեից հետո»,- ասաց Վահագն Խաչատրյանը եւ ավելացրեց, որ այսօրվա Հայաստանում այնպիսի առաջարկներ պետք է արվեն, որ քաղաքացին ցանկանա մնալ Հայաստանում. այդ ամենն այս բյուջեում չկա: Իսկ բյուջեի նախագծից տպավորություն է ստեղծվել, որ օրենքի պարտադրանքով է կառավարությունը ստիպված է եղել ներկայացնել այդ փաստաթուղթը, քանի որ կառավարությունը 2012թ. բյուջեով ավելի մեծ բեռ էր վերցրել իր վրա, քան  2013-ին: «2013-ին նախընտրական տարի է, եւ այս բյուջեով կարծես՝ իշխանությունը ասում է ինձ մի ընտրեք»,- ավելացրեց Վահագն Խաչատրյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am